Արյան մակարդում, Արյան խմբեր, Արյան պաշտպանական ռեակցիա, Իմունիտետ

Արյան մակարդումն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, որի հետևանքով խցանվում է վնասված անոթի լուսանցքը և կանխվում հետագա արյունահոսությունը: Բացի այդ, արյան մակարդումը խոչընդոտում է վնասված անոթի պատից հիվանդաբեր մանրէների թափանցումն օրգանիզմ:Մակարդումը կատարվում է հետևյալ կերպ. անոթի պատի վնասման ժամանակ արյան թիթեղիկները՝ թրոմբոցիտները, հպվելով վնասված անոթի անհարթ մակերեսին, հեշտությամբ քայքայվում են, որի շնորհիվ արյան պլազմա է արտազատվում հատուկ ֆերմենտ: Վերջինս ազդում է արյան պլազմայում լուծված պրոթրոմբին սպիտակուցի վրա` նրան դարձնելով անլուծելի թելանման ֆիբրին:
Ֆիբրինի թելիկներն առաջացնում են ցանց, որի մեջ պահվում են արյան բջջային տարրերը, և առաջանում է խցան՝ թրոմբ, որը և փակում է վնասված անոթի լուսանցքը: Հետագայում թրոմբը լուծվում է, իսկ անոթի վնասված մասը՝ վերականգնվում: Արյան մակարդումը տեղի է ունենում 3−8 րոպեում, ընդ որում, որքան փոքր է անոթի լուսանցքը, այնքան մակարդումն ավելի արագ է կատարվում:Արյան մակարդման արագությունը կախված է նաև ջերմաստիճանից. բարձր ջերմաստիճանում այն արագանում է, իսկ ցածրում՝ դանդաղում:Արյան մակարդմանը նպաստող գործոններից են կալցիումի իոնները և K վիտամինը: Ժամանակ առ ժամանակ լյարդի բջիջներում առաջանում է հեպարին կոչվող հակամակարդիչ նյութը և մղվում արյան հուն, որպեսզի անոթներում արյունը չմակարդվի կամ առաջացած մանր թրոմբները լուծվեն, հակառակ դեպքում կարող է խանգարվել արյան շարժումն անոթային համակարգում:
Արյան մակարդման գործընթացը կարող է խանգարվել տարբեր պատճառներից, որի հետևանքով արյան անոթի վնասվածքից տեղի է ունենում երկարատև արյունահոսություն: Օրինակ` ժառանգականորեն պայմանավորված հեմոֆիլիա հիվանդության ժամանակ արյունը չի մակարդվում, և անոթի պատի ամենաչնչին վնասվածքը վտանգավոր է կյանքի համար:

Բացահայտվել է, որ էրիթրոցիտների մակերեսին կարող են լինել A և B ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում՝ α և β ագլյուտինիններ:
Ըստ նրանց առկայության` տարբերում են արյան չորս խմբեր:Այսպես` որոշ մարդկանց էրիթրոցիտներում բացակայում են A և B ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում առկա են α և β ագլյուտինիններ: Արյան II խումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում լինում են միայն A ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում՝ β ագլյուտինիններ: Արյան III խումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում լինում են B ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում՝ α ագլյուտինիններ:
Արյան IV խումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում կան A և B ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում ագլյուտինիններ չկան: Այսպիսով` արյան I խմբին պատկանող մարդկանց արյունը կարելի է ներարկել բոլորին, որովհետև նրանում չկան A և B ագլյուտինոգեններ, II և III խմբերին պատկանող արյունը կարելի է ներարկել համապատասխանորեն իրենց և IV խմբերին: IV խմբին պատկանող մարդկանց արյունը կարելի է ներարկել միայն IV խմբի արյուն ունեցող մարդկանց: Այդ պատճառով արյան I խումբը համարվում է համընդհանուր դոնոր, իսկ IV խումբը՝ համընդհանուր ռեցիպիենտ:

Մեր օրգանիզմը մշտապես գտնվում է արտաքին վնասակար ազդակների, այդ թվում` մանրէների, վիրուսների ազդեցության պայմաններում:էվոլյուցիայի ընթացքում օրգանիզմում առաջացել են մի շարք հարմարանքներ վնասակար ազդեցություններին դիմագրավելու համար: Այսպես` պաշտպանական դեր է կատարում մաշկը՝ պաշտպանելով նրա օրգաններն ու հյուսվածքները մեխանիկական վնասակար ազդակներից: Մեծ թվով հիվանդությունների հարուցիչներ չեն կարող առողջ մաշկով ու լորձաթաղանթով թափանցել օրգանիզմի ներքին միջավայր:Հիվանդաբեր մանրէների դեմ պաշտպանական դեր են կատարում նաև արյունը, հյուսվածքային հեղուկը և ավիշը:Արյան սպիտակ գնդիկները՝ լեյկոցիտները, քայքայում, ոչնչացնում են օրգանիզմ թափանցած օտարածին նյութերը: Սակայն վնասակար մանրէների դեմ պայքարի գլխավոր միջոցը հակամարմիններն են, որոնք սպիտակուցային նյութեր են: Դրանք օրգանիզմում առաջանում են այն ժամանակ, երբ օրգանիզմ են թափանցում հիվանդաբեր մանրէներ: Հակամարմիններն իրենց ազդեցությամբ խիստ յուրովի են, այլ կերպ ասած` նրանք վնասազերծում են միայն այն օտարածին նյութերը, որոնք պատճառ են դարձել իրենց առաջացմանը: Այդ գործընթացն ընկած է իմունիտետի առաջացման հիմքում:

Իմունիտետն օրգանիզմի անընկալունակությունն է վարակիչ հիվանդությունների նկատմամբ:Իմունիտետի շնորհիվ օրգանիզմը հայտնաբերում է վնասակար բակտերիաներին, վիրուսներին և վնասազերծում դրանց: Տարբերում են բնական և արհեստական իմունիտետ:
Իր հերթին բնական իմունիտետը կարող է լինել բնածին և ձեռքբերովի: Բնածին բնական իմունիտետը փոխանցվում է ժառանգաբար, սերնդեսերունդ: Այն տեսակային է` բնորոշ է տվյալ տեսակին պատկանող բոլոր առանձնյակներին: Օրինակ` մարդիկ չեն հիվանդանում կենդանիների ժանտախտով:
Ձեռքբերովի բնական իմունիտետն առաջանում է կյանքի ընթացքում, երբ մարդը վարակվում է այս կամ այն հիվանդությամբ, որի հարուցիչների նկատմամբ արյան պլազմայում առաջանում են համապատասխան հակամարմիններ: Այդ դեպքում հետագայում նա այլևս չի հիվանդանում այդ հիվանդությամբ: Այսպես` մարդը փոքր հասակում կարմրուկով, ջրծաղիկով հիվանդանալուց հետո սովորաբար դրանցով այլևս չի հիվանդանում:Արհեստական իմունիտետն առաջանում է մարդու անմիջական միջամտությամբ: Այն կարող է լինել ակտիվ և պասիվ: Ակտիվ արհեստական իմունիտետն առաջանում է, երբ օրգանիզմ են մտնում տվյալ հիվանդության թուլացած կամ մահացած հարուցիչները` պատվաստուկների ձևով: Այդպիսի պատվաստանյութը,որը կոչվում է վակցինա,հիվանդություն չի առաջացնում,բայց ապահովում է հակամարմիններ առաջացնելու հատկությունը:1

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s