Պատմություն

1. XX դ. սկզբերին Օսմանյան կայսրությունում աստիճանաբար ուժեղանում էր հակահամիդյան պայքարը:Հայ ազգային ուժերի մի մասը, այդ թվում՝ ՀՅԴ — ն, սուլաթանական բռնակալության տապալման համար մղվող պայքարում անհրաժեշտ համարեց համագործակցել Օսմանյան կայսրությունում գործող ընդդիմադիր բոլոր ուժերի, այդ թվում՝ երիտթուրքերի հետ:Դաշնակցությունն իր նոր ծրագրումն առաջադրեց Արևմտյան Հայաստանում(հայկական վեց նահանգներում) լայն ինքնավարություն ստեղծելու պահանջը:

Օսմանյան կայսրության ընդդիմադիր ուժերի՝ 1907 թ. դեկտեմբերին Փարիզում հրավիրված երկրորդ համաժողովը որոշեց զինված ապստամբության միջոցով տապալել համիդյան բռնատիրությունը և հաստատել սահմանադրական կարգեր:

Երիթուրք սպաները, զորքի գլուխ անցած շարժվեցին Կ. Պոլիս՝ սուլթանից պահանջելով վերականգնել 1876 թ. սահմանադրությունը:Ահաբեկված սուլթանը տեղի տվեց:Երկիրը հռչակվեց սահմանադրական միապետություն:

Օսմանյան կայսրության հպատակ ժողովուրդները մեծ հույսեր էին կապել այս հեղաշրջման հետ:Մեծ էր ոգեվորությունը նաև հայկական միջավայրում:

Ոգևորությունը շատ կարճ տևեց:Երիտթուրքերը ոչ միայն սաահմանադրական քիչ թե շատ էական բարեփոխումներ չիրագործեցին, այլ ավելի վատ ձևով շարունակեցին սուլթան Աբդուլ Համիդի հակահայ քաղաքականությունը:

Դրա առաջին ցայտուն քայլը կատարվեց երիտթուրքերի հեղաշրջումից մեկ տարի չանցած: 1909 թ. ապրիլին Ադանայի նահանգում տեղի ունեցավ հայերի կոտորած: Ադանա քաղաքում ապրիլի 1–ին սկսվեց և երեք օր շարունակվեց հայերի կոտորածը: Հայերը դիմեցին ինքնապաշտպանության և կարողացան արժանի հակահարված հասցնել թուրքերին:Սակայն իշխանությունները խաբեությամբ Ադանայի հայերից հավաքեցին զենքը: Ապրիլի 12–14–ին տեղի ունեցավ կոտորածի երկրորդ փուլը: Այս անգամ ջարդեր տեղի ունեցան ինչպես Ադանայի, այնպես էլ Հալեպի նահանգների հայկական մի շարք բնակավայրերում: Կոտորածներին մասնակցեց նաև զորքը:Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնախմբի հավաքած տվյալներով` ընդհանուր առմամբ սպանվել էր 30 ­հազար հայ, որից 20 հազարը` Ադանայի նահանգում: Ավերվել էին տասնյակ եկեղեցիներ, դպրոցներ, հարյուրավոր տներ, խանութներ, ագարակներ և այլն:Հայերի կորուստներն ավելի մեծ կլինեին, եթե չդիմեին ինքնապաշտպանության: Դիմադրություն կազմակերպվեց Հաճընում, Սիսում և այլ վայրերում:Հաճընի հայության 12 օր տևած պաշտպանությունը գլխավորում էր Ներսես վարդապետը: Սիս քաղաքում 1500 հայեր 7 օր շարունակ Ղևոնդ և Գյուտ վարդապետների գլխավորությամբ հաջողությամբ դիմագրավեցին թշնամուն:Կիլիկիայի դեպքերը ցույց տվին, որ երիտթուրքերը որդեգրել են հայերի բնաջնջման աբդուլհամիդյան պետական ծրագիրը:

2. Բալկանյան երկրներ Սերբիան, Բուլղարիան, Հունաստանը և Չեռնոգորիան 1912 թ. հոկտեմբերին պատերազմ սկսեցին Օսմանյան կայսրության դեմ (Բալկանյան առաջին պատերազմ): Նրանց նպատակն էր թուրքերին վռնդել Եվրոպայից: Հայկական հարցի վերաբացման համար առաջացավ նպաստավոր միջազգային իրավիճակ: Մեծ դեր խաղաց նաև Ռուսաստանի արդեն փոխված՝ դրական դիրքորոշումը Հայկական հարցում:
Հայ ազգային մարմինները եռանդուն գործունեություն ծավալեցին: 1912 թ. հոկտեմբերին Թիֆլիսում ստեղծվեց Հայոց ազգային բյուրոն: Նրա գլխավոր նպատակն էր նպաստել Հայկական հարցի լուծմանը:Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե–ն 1912 թ.
հոկտեմբերի 2–ին Կովկասի փոխարքա Ի. Վորոնցով–Դաշկովի միջոցով դիմեց ռուսական կայսրին`հայերին պաշտպանելու խնդրանքով: Այնուհետև նոյեմբերի 10–ի կոնդակով Պողոս Նուբար փաշան նշանակվեց Եվրոպայում կաթողիկոսի լիազոր ներկայացուցիչ: Նրա գլխավորությամբ ստեղծված Ազգային պատվիրակությունը հայկական բարենորոգումների հուշագիր պատրաստեց տերություններին ներկայացնելու համար:
1913 թ. ամռանը Հայկական հարցը կրկին դարձավ վեց տերությունների (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ավստրո–Հունգարիա)
դիվանագիտական պայքարի առարկա:Կ. Պոլսում ռուսական դեսպանության թարգմանիչ
Անդրեյ Մանդելշտամը կազմեց հայկական բարենորոգումների նախագիծ: Ըստ նախագծի` հայկական վեց նահանգներից` Էրզրում, Վան, Բիթլիս, Դիարբեքիր,
Խարբերդ, Սեբաստիա, կազմվելու էր մեկ նահանգ:Նահանգի գերագույն կառավարիչը՝ ընդհանուր նահանգապետը, պետք է լիներ թուրքահպատակ քրիստոնյա կամ եվրոպացի: Անտանտի երկրները հավանություն տվեցին ռուսական նախագծին, իսկ Եռյակ միության երկրները մերժեցին:

Ի վերջո սկսվեց բանակցությունների նոր փուլ՝ այս անգամ ռուսական ու թուրքական կողմերի միջև: 1914 թ. հունվարի 26–ին ստորագրվեց Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու վերաբերյալ ռուս–թուրքական համաձայնագիրը: Ըստ համաձայնագրի` յոթ նահանգներից (ավելացվել էր Տրապիզոնի նահանգը) ձևավորվում էր վարչական երկու միավոր: Դրանք կառավարելու էին օտարերկրյա երկու տեսուչները: Նրանք էին տնօրինելու դատական, ոստիկանական, վարչական գործերը: Պաշտոնական
գրագրությունը կատարվելու էր հայերեն, թուրքերեն, քրդերեն:Անշուշտ, ռուս–թուրքական համաձայնագիրը հայերին ինքնավարություն չէր տալիս և ավելի համեստ պահանջներ էր առաջադրում, քան Մանդելշտամի ծրագիրը: Այդ էր պատճառը, որ Հայկական հարցի լուծման համար պայքարի այս փուլում հայ ազգային քաղաքական ուժերը խզեցին կապերը երիտթուրքերի հետ և դարձան իշխանություններին ընդդիմություն: Երիտթուրքական կառավարությունը տարբեր պատճառներով նորից ձգձգում էր հայկական բարենորոգումների իրագործումը: Վերջապես 1914 թ. ապրիլին տեսուչներ ընտրվեցին հոլանդացի դիվանագետ Լ. Վեստենենկը և նորվեգացի գնդապետ Ն. Հոֆը: Վեստենենկը նշանակվեց Էրզրումի, Տրապիզոնի և Սեբաստիայի նահանգներն ընդգրկող մասի տեսուչ (նստավայրը՝ Էրզրում), իսկ Հոֆը՝ Վանի, Բիթլիսի, Խարբերդի և Դիարբեքիրի նահանգները ներառող մասի տեսուչ (նստավայրը՝ Վան): Հոֆը նոր էր եկել Արևմտյան Հայաստան, իսկ Վեստենենկը դեռ չէր ժամանել, երբ սկսվեց Առաջին համաշխարհային
պատերազմը:Օգտվելով բարենպաստ իրավիճակից` Թուրքիան չեղյալ համարեց բարենորոգումների ծրագիրը և կասեցրեց եվրոպացի տեսուչների աշխատանքը: Այսպիսով` հայկական բարենորոգումների հերթական փորձը նույնպես ձախողվեց:

Լրացուցիչ աշխատանք՝

Պողոս Նուբար փաշան XX դարասկզբի հայ ազգային ականավոր գործիչներից է: Ապրելով հայրենիքից հեռու` նա իր գիտակցական ողջ կյանքը նվիրաբերեց հայրենի ժողովրդի բարօրությանը: Դարասկզբի ազգային, հասարակական ու քաղաքական գործիչների անզուգական փաղանգում Պողոս Նուբարն ունեցավ իր ուրույն տեղն ու դերը, ժամանակակիցների շրջանում վաստակեց անվիճելի հեղինակություն, սերունդների հիշողության մեջ մնաց որպես մեծ բարերար ու անսահման հայրենասեր: Եվրոպական դիվանագիտական, հասարակական ու քաղաքական շրջանների հետ ունեցած անձնական կապերն ու ծանոթությունները, հեղինակավոր դիրքն ու նյութական հարստությունը նա
ծառայեցրեց հայ դատին, որի լուծման համար աշխատեց օրնիբուն` չխնայելով ո՛չ ժամանակ և ո՛չ առողջություն: Հավատաց եվրոպական դիվանագիտության կեղծ խոստումներին, սակայն երբեք չխճճվեց նրա լաբիրինթոսում, տեսավ արևմտահայության գողգոթան, բայց միշտ եղավ սառնասիրտ ու տոկուն, ողջունեց Հայաստանի մի մասում անկախ պետականության հիմնումը և իր նպաստը բերեց նրա կայացմանը: Հայաստանի արևելյան հատվածում խորհրդային կարգերի հաստատումից հետո, չնայած բոլշևիկյան վարդապետության և վարչակարգի հանդեպ ունեցած ժխտական վերաբերմունքին, Պողոս Նուբարն իր կարևոր ավանդը ներդրեց աշխարհասփյուռ հայության հայրենադարձության և հայրենիքի վերաշինության գործերում:Պողոս Նուբար փաշայի համար շրջադարձային եղավ 1912 թվականը, երբ նա դարձավ Հայ ազգային պատվիրակության նախագահ և հնարավորություն ստացավ զբաղվել ոչ միայն բարեգործությամբ, այլև մայր հայրենիքի ապագայի քաղաքական հարցերի լուծմամբ: Բանն այն է, որ 1908 թ. հեղաշրջմամբ Օսմանյան կայսրությունում իշխանության գլուխ եկած երիտթուրքերի հակահայ
քաղաքականության հետևանքով արևմտահայության համար իր հայրենիքը
վերածվել էր «տանջանքի ու ճնշման, վշտի ու աղքատության հովտի` թունավորված մահվան սպասումի ամենօրյա մղձավանջով»:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s