Կուսակցությունները ծնվում և մեռնում են կյանքի իրական պահանջների թելադրանքով

Հատված Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ գրքից: Այս հատորը պատասխանն է Հովհաննես Քաջազնունու՝ ՀՅԴ 1923 թ. խորհրդաժողովին ուղղված զեկուցագրի:

—-

Քաջազնունին մոռացել է, որ Հ.Յ. Դաշնակցությունը ընկերավարական կուսակցություն է ընկերվարական կուսակցության բոլոր էական հատկանիշներով, և «հայ քաղաքական դատը», որ նրա ծրագրի առաջին մասն է կազմում, մի քայլ է միայն նրա գործունեության մեջ, սոսկ մի հանգրվան դեպի մյուս հիմնական նպատակների աստիճանական իրագործումը: Վերջերս առանձնապես մեծ եռանդ են թափում և հայ բոլշևիկները ապացուցելու, որ Դաշնակցությունը սոցիալիստական կուսակցություն չէ: Նրանք իրենց թերթերում շարունակ գրում են, որ Դաշնակցությունը Վիեննայում «հրաժարվել է սոցիալիզմի ձևական լոզունգներից անգամ», նպատակ ունենալով մոլորության մեջ ձգել Հայաստանի աշխատավորությանը: Այնինչ, Վիեննայում կուսակցությունը առանձնապես շեշտեց՝ սոցիալիստական աշխատանքի ավելի լայն ու գործուն թափ տալու անհրաժեշտության վրա և բազմանդամ պատվիրակություն ուղարկեց՝ մասնակցելու Համբուրգի միջազգային խորհրդաժողովին, ուր կազմվեց Աշխատավորական ինտերնացիոնալը, որի անդամն է Հ.Յ. Դաշնակցությունը:

Եթե Դաշնակցությունը տեսնենք և ընդունինք այնպես, ինչպես նա կա, անհիմն և ավելորդ կդառնա Քաջազնունու ափսոսանքը, որ նա 1918-ին չի մեռնել: Հակառակը, այդ օրվանից, Հայաստանի անկախության իրականացումից հետո միայն, կանգնելով հայկական ազատ հողի վրա, Դաշնակցությունը պետք է անցներ իր ծրագրի հաջորդ գլխավոր կետին՝ պետական ու սոցիալ-տնտեսական շինարարությանը: Ծիսակատարության կամ ուրիշներին խաբելու համար չէ, որ Դաշնակցության ծրագրերում դրված է և այդ մասը:

Քաջազնունին սրան էլ է առարկում. «Նոր գինին չի կարելի լցնել հին տիկերի մեջ»: Դաշնակցությունը չի կարող հարմարվել նոր պայմաններին: «Քաղաքական (ու, մանավանդ, հեղափոխական) կուսակցությունները չեն կարող կերպարանափոխվել անվերջ»:

Քիչ առաջ տեսանք, որ կերպարանափոխության խնդիր չկա բնավ: Դաշնակցությունը հենց սկզբից եղել է այն գինին, որ հայկական տիկերին համապատասխան զորություն է ունեցել, և հենց դրա մեջ է նրա ուժն ու կենսունակությունը: Մի տարի առաջ Քաջազնունին այսպես էր բնորոշում Դաշնակցության իշխանությունը. «Նա երկրի իշխանություն է՝ կապված երկրի ու ժողովրդի հետ անքակտելի կապերով, իր բոլոր ջիղերով, իր միս-մարմնով: … Հայաստանի կյանքը նրա իսկ կյանքն է և մահը՝ նրա մահը: Նա մի անբաժան օրգանն է այն հավաքական մարմնի, որի անունն է «հայ ժողովուրդ»՝ միշտ արթուն, միշտ գործուն ու միշտ էլ զգայուն»: Այնպիսի մի կուսակցություն, որ ասել է նույն ինքը՝ ժողովուրդը, շատ հեշտությամբ կարող է հարմարվել «նոր պայմանների»: Լինելով անմիջական արդյունք հայ[կական] միջավայրի՝ հանդիսանալով, դարձյալ ըստ Քաջազնունու վկայության, նրա միակ կազմակերպված ուժը, Դաշնակցությունը անհամեմատ ավելի շուտ կարող էր ըմբռնել այդ «նոր պայմանները», քան ուրիշ որևէ կուսակցություն, և ունենալով որոշ ու հստակ քաղաքական և ընկերային ծրագիր՝ ուրիշներից ավելի պակաս ցնցումներով էր ընթացք տալիս հայ կյանքին:

Բայց Քաջազնունին սրան էլ պատասխան ունի. «Սասունի լեռներից ու Վարագի բարձունքներից մենք իջել ենք Արարատյան դաշտը: Վարագում ու Սասունում «վռշիկ» են հագնում ու «տասնոց» գործածում, իսկ Արարատյան դաշտում «բանում է երկաթուղին, շարժվում են բանակներն ու խոսում են արագաձիգ թնդանոթները»: Այսպիսի պայմաններում ի՞նչ կարող է անել «հետևակի վռշիկն» ու «մեր տղաների տասնոցը»:

Քաջազնունին մոռանում է, որ բոլոր դաշնակցականները «վռշիկ»-ով ման չեն եկել: Հենց ինքը միշտ եվրոպական կոշիկ է հագել ու երկաթուղով ճամբորդել: Ուզում եմ ասել, որ «հայդուկային հոգեբանությունը» Դաշնակցության հատկանիշը չէ: Եթե Դաշնակցության շարքերում կային ու կան ոչ պակաս թվով և բարձր[ագույն] կրթության տեր մարդիկ, առաջնակարգ մասնագետներ, քաղաքական գործիչներ, խորհրդարանի անդամներ՝ հասարակական ու պետական գործունեության դպրոցն անցած մարդիկ: Վերցրեք հայ գրականությունը, գեղարվեստը, գիտությունը, հասարակական կյանքը, կրթական գործը՝ բոլոր ասպարեզներում, առաջին շարքերի վրա, դաշնակցականներն են: Այն չափով, ինչ չափով որ հայ միջավայրը ընդունակ է եղել հասարակական-քաղաքական կյանք ստեղծելու, այդ չափով և Դաշնակցությունը համապատասխանել է մեր պայմաններին:

Հենց Դաշնակցության պատմության օրինակով Քաջազնունին կարող էր ցույց տալ հայ կյանքի ձևափոխության աստիճանները: Վերջին 30-35 տարվա ընթացքում տեղի են ունեցել մեկից ավելի դեպքեր, երբ մեր իրականության մեջ առաջ են եկել «նոր պայմաններ», և Դաշնակցությունը, իբրև կենդանի ու ժողովրդական ուժ, միշտ էլ կարողացել է ըմբռնել դրությունը և հարմարվել այդ պայմաններին: Եվ 1908 թվականին Դաշնակցությունը այն չէր, ինչ որ էր, ասենք, 1900-ին և 1918-ին: Կյանքը փոխվում է, առաջ են գալիս նոր դրություններ. ամեն կենդանի կազմակերպություն՝ պահպանելով իր հիմնական բնույթը, համակերպվում ու հարմարվում է այդ դրություններին: Ինչո՞ւ Դաշնակցությունը բացառություն է կազմելու, դժվար է հասկանալ:

Քաղաքական ու հեղափոխական կուսակցությունների աստիճանական էվոլյուցիայի բազմաթիվ օրինակներ կան և ընդհանուր պատմության մեջ: Ահա անգլիական Ուիկ (ազատական) և Թորի (պահպանողական) կուսակցությունները: Կառլոս Երկրորդի օրերից սկսած՝ երեք դար է, որ գործում են նրանք քաղաքական կյանքի ասպարեզում: Քանի՜ քանի ձևափոխությունների ու վերափոխությունների են ենթարկվել, քանի՜ անգամներ «վռշիկը» փոխել են «տասնոցի» և հակառակը, քանի՜ անգամներ «հարմարվել են նոր պայմանների», բայց և միշտ մնացել են կենդանի ու գործուն՝ օրգանական մասը Անգլիայի պետականության: Վերցնենք ավելի նոր օրինակներ: Չեխական ընկերվարական կուսակցությունը շատ կողմերով հիշեցնում է Դաշնակցությունը: Նա էլ ապրել է «վըռշիկ»-ի շրջանում, բայց այսօր Չեխո-Սլովակ Հանրապետության ամենապետական կազմակերպություններից մեկն է: Անկախությունիից հետո, Չեխո-Սլովակիայում ոչ ոք չմտածեց ինքնասպանության մասին: Միայն «վռշիկ»-ի պայմանների համար ստեղծված կազմակերպությունը հարմարեցվեց երկաթուղու ու սավառնակի պայմաններին:

Ահա ձեզ և լեհական ընկերվարական կուսակցությունը, որ իր աշխարհայացքով, իր կազմակերպությամբ ու հեղափոխական գործելակերպով Դաշնակցության հարազատ քույրն է: Նա էլ է հայդուկային խմբեր պահել: Նա էլ է ահաբեկչություններ կատարել: Նա էլ է ունեցել իր «Վարագն» ու «Սասունը»: Բայց հենց որ Լեհաստանը դարձավ անկախ պետություն, նա ևս դարձավ պետական կուսակցություն և այն էլ՝ շատ ուժեղ կուսակցություն:

Ահա, վերջապես, բոլշևիկները, իրենց կարճատև գոյության ընթացքում քանի՜-քանի՜ Վարագներ ու Սասուններ անցան: Երեկ «զինվորական կոմունիզմ» էին իրականացնում, այսօր՝ ՆԵՊին են երկրպագում: Երեկ կանգնած էին ծայրահեղ ապակենտրոնացման վրա, այսօր նույնքան ծայրահեղ կենտրոնապաշտներ են: Երեկ համաշխարհային հեղափոխության մասին էին երազում, այսօր եվրոպական իմպերիալիստների ու ֆաշիստների շեմքերն են մաշում: «Վռշիկ»-ը, «թնդանօթ»-ը, «տասնոց»-ն ու «երկաթուղ»-ին բոլշևիկների մոտ ապրել են և ապրում են գրկախառնված, մեկը մյուսի կողքին կամ հաջորդելով: Քաջազնունին այդ գտնում է բնական: Դաշնակցությունն է նրա աչքին ծուռ երևում: Դաշնակցությունն է միայն, որ չի կարող ենթարկվել կյանքի էվոլուցիային: Դաշնակցությունն է, որ պետք է մեռնի, որովհետև մի ժամանակ «վռշիկ» է հագել, իսկ այժմ եվրոպական կոշիկներ պետք է գործածել: Ներեցե՛ք, այստեղ ո՛չ անաչառություն կա, և ո՛չ տրամաբանություն:

Թե որքա՜ն ենթակայական է Քաջազնունու վերաբերումը դեպի Դաշնակցությունը, ցույց է տալիս և այն, որ նա միևնույն վիճակը Դաշնակցության նկատմամբ մի ձևով է գնահատում, բոլշևիկների նկատմամբ՝ ուրիշ ձևով: Դաշնակցությունը պարտավոր է մեռնել, որովհետև նրա «պատմական միսիան», այսինքն՝ «հայկական քաղաքական դատի» հարցը մի որոշ շրջանի համար փակված-վերջացած է: Իսկ բոլշևիկ նե՞րը. նրանք պետք է ապրեն. ապագան նրանցն է, թեև բոլշևիկների «պատմական միսիան» էլ փակված է: Քաջազնունին գիտի, որ բոլշևիկյան հեղաշրջումը տեղի ունեցավ կոմունիստական դրություն հաստատելու նպատակով. կոմունիստական հասարակարգ մտցնելն է և կոմունիստական կուսակցության անմիջական նպատակը: Քաջազնունին գիտի նույնպես՝ իրենք՝ բոլշևիկներն էլ արդեն գիտեն, որ կոմունիստական կարգի իրագործումը գեթ մի որոշ ժամանակաշրջանի համար, անհնար է: Այդ պատճառով, բոլշևիկյան-կոմունիստական իշխանությունը շինում է բուրժուական տնտեսական դրություն՝ վերադարձնալով Ռուսաստանը անհատական սեփականատիրության և կապիտալիզմի ծոցը: Ուրիշ խոսքով, այսօր կոմունիստական իշխանությունը կորցրել է իր գոյության իմաստը՝ անհամեմատ ավելի մեծ չափով, քան դաշնակցականը: Եթե Քաջազնունին ուզեր լինել հետևողական և սակարկության մեջ չմտներ ինքն իր հետ, պետք է ասեր՝ 1921թ. մարտի 15-ին, այսինքն այն օրը, երբ Լենինը հայտարարեց զինվորական կոմունիզմի սնանկությունը և հիմք դրեց ՆԵՊին՝ տնտեսական նոր քաղաքականությանը, բոլշևիկյան իշխանությունը պարտավոր էր ինքնասպանություն գործել: Բայց Դաշնակցության հանդեպ այնքան անողոք և ուղղագիծ Քաջազնունին դառնում է թոթովախոս ու ներողամիտ, երբ խնդիրը վերաբերվում է բոլշևիկներին: Բայց անկախ այն բանից, կարո՞ղ է արդյոք էվոլյուցիայի ենթարկվել, թե՝ ոչ, Դաշնակցությունը, Քաջազնունու կարծիքով, պետք է մեռնի, որովհետև «Հայաստանը պիտի դաշնակցի Խորհրդային Ռուսաստանի հետ», իսկ «մեր կուսակցությունը չի կարող դաշնակցել բոլշևիկյան իշխանության հետ»:

Այստեղ էլ Քաջազնունին աչքաթող է անում մի քանի հանգամանքներ: Նախ, ըստ էության, ինչո՞ւ Դաշնակցությունը կամ, ավելի ճիշտ, դաշնակցական իշխանությունը չի կարող դաշնակցել բոլշևիկյան իշխանության հետ: Բազմաթիվ դեպքեր կան, որ խորհրդային իշխանությունը դաշնակցել է ու ձգտում է դաշնակցել ոչ միայն ընկերվարական, այլև բուրժուական ու կղերական ուժերի հետ: Մի կողմ դնենք բոլշևիկ-գերմանական կամ բոլշևիկ-իտալական դաշինքը: Քաջազնունին կարող է առարկել, թե Իտալիան ու Գերմանիան մեծ պետություններն են, և բոլշևիկները որոշ հաշիվներ ունեն նրանց հետ դաշնակցելու: Ահա փոքրիկ Էստոնիան, ավելի փոքր Լիտվան, որոնց գեր-բուրժուական կառավարությունները դաշնակից են բոլշևիկներին: Ահա փաշայական Թուրքիան, ահա ավատապետական Պարսկաստանը, ահա խանական Բուխարան, Թուրքեստանը, որոնք բոլորն էլ դաշնակցել են Խորհրդային Ռուսաստանի [հետ]: Ըստ էության, ուրեմն, դաշինքի ոչ մի արգելք չկա դաշնակցականների ու բոլշևիկների միջև, եթե երկու կողմերն էլ ունեն փոխադարձ շահեր: Եթե Հայաստանի Հանրապետության ու Խորհրդային Ռուսաստանի միջև ժամանակին դաշինք չկնքվեց, պատճառն այն չէր, որ Հայաստանի իշխանության գլուխ դաշնակցականներն էին գտնվում, այլ որովհետև հայ բոլևիկները հայ ժողովրդի շահերը ստորադասեցին իրենց կուսակցական հաշիվներին և արգելք եղան դաշինքի կնքումին: Եթե Հայաստանում կառավարությունը կազմված լիներ ոչ թե դաշնակցականներից կամ ռամկավարներից, բոլշևիկները պիտի դաշնակցեի՞ն նրանց հետ: Ո՛չ, անտարակույս: Իրենցից զատ ոչ մի իշխանության հետ հայ բոլշևիկները չէին դաշնակցի, որովհետև իրենք էին փափագում դառնալ իշխանություն: Ուրեմն , ի՞նչ է հրամայում Քաջազնունին. բոլշևիկների այդ փափագի հանդեպ բոլոր հայ[կական] կուսակցությունները ինքնասպանությո՞ւն պիտի գործեն:

Երկրորդ, այդ ո՞րտեղից է Քաջազնունու հավատը, թե Ռուսաստանը երկար ժամանակ պետք է մնա խորհրդային իշխանության տակ: Ռուսաստանի ներքին վիճակը, համենայն դեպս, այդպիսի երաշխիքներ չի տալիս: Չեմ ուզում մարգարեություններ անել, բայց և չեմ կարող չզարմանալ Քաջազնունու այդքան թեթև վերաբերումի վրա: Կարող է պատահել, որ բոլշևիկները դեռ երկար ապրեն, ինչպես հավատում է նա, բայց կարողէ և հակառակը տեղի ունենալ: Եվ եթե պատահի վերջինը, կարծում է՞ արդյոք Քաջազնունին, որ հայ բոլշևիկները ընդունակ կլինին ընդհանուր լեզու գտնելու նաև ոչ-խորհրդային Ռուսաստանի հետ: Եթե չի կարծում, ապա ինչո՞ւ է շտապում հրապարակից վերացնել կազմակերպված մի ուժ, առանց նրան փոխարինող մի ուրիշը ունենալու:

Քաջազնունին խորհրդային ռեժիմի շուտափույթ անկումին չի հավատում, բայց եթե նա ընկնի էլ, նրա կարծիքով, կարիք չկա, որ Դաշնակցությունը ապրի: Նոր կուսակցություն երևան կգա ուրիշ Ռուսաստանի հետ գործ ունենալու համար: Ինչո՞ւ սակայն: Ի՞նչու նոր կուսակցություն ստեղծել, երբ այդպիսին արդեն գոյություն ունի: Հե՞շտ բան է կուսակցություն ստեղծելը: Եվ ի՞նչ հիմք կա, որ պետք եղած ժամանակ կստեղծվի այդ կուսակցությունը: Եթե այդպես հեշտ է կուսակցությունների ստեղծումը, ինչո՞ւ հայ իրականության մեջ մինչև այժմ Դաշնակցությունից զատ չի ստեղծվել ուրիշ ժողովրդական լայն կուսակցություն: Կուսակցությունները ծնվում և մեռնում են կյանքի իրական պահանջների թելադրանքով և ո՛չ սրա կամ նրա ցանկությամբ: Քանի՜ քանի հայ[կական] կուսակցությունների անուն կարելի է տալ, որոնք ծնվեցին ու մեռան սունկի պես: Բայց Դաշնակցությունը կար և մնում է: Ի՞նչ է դրա պատճառը: Մի տարի առաջ Քաջազնունին գիտեր այդ պատճառը, երբ «Ճակատամարտ»-ում գրում էր, թե՝ «Դժբախտաբար, այդպիսի կազմակերպված ուժ չկար ասպարեզում և դարձյալ Դաշնակցությունն է, որ պիտի ճգնի անել իր լավագոյնը»: Մի տարվա մեջ, Քաջազնունու աչքին, Դաշնակցությունը դարձել է «մեռած»… Անհասկանալի է մի քիչ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s